Թե ինչպես դասախոս Մեսրոպ Հարությունյանը դարձավ ակադեմիայի ուսանող (լուսանկարչական ռեպորտաժ)

Արվեց առաջին քայլը՝ ակադեմիկոս դառնալու ճանապարհին

Mesrop-glxavorԱշնանային խաղաղ երեկոն իր թեւերն էր տարածել Երեւանի վրա, եւ ոչնչից հնարավոր չէր կանխատեսել, թե ինչ կարեւոր իրադարձություն է տեղի ունենալու հոկտեմբերի 3-ին: Լրագրողների սերունդներ կրթած Մեսրոպ Հարությունյանն այդ օրը ինքը մեկ, երկու, երեք չորս ու.. մեկեն դարձավ ուսանող: Մրցանակը գտավ հերոսին:

Այսպես կսկսեին կատարվածի մասին իրենց ռեպորտաժը այն ուսանողները, որոնց լրագրություն չի դասավանդել Մեսրոպ Հարությունյանը: Մյուսները, որոնց հին գրաբարով անվանում են «Մեսրոպի վկաներ»՝ չէին հանդգնի. դասախոսն իրենց կդատապարտեր 15 տարվա գնդակահարության՝ ընդհանրապես նման տուֆտա սկզբի, եւ մասնավորապես՝ նյութի սկզբում ամսաթիվ գրելու համար:

Սակայն դառնանք կատարվածին: Գարեջրային ակադեմիան, որի մշտական հաճախորդն է Մեսրոպ Հարությունյանը՝ նախապես նրան իրազեկել էր, որ կարող է քննություն հանձնել ու դառնալ իրենց ուսանողը:

Մեսրոպը հեշտությամբ հանձնեց քննությունը՝ առանց նախնական խորհրդատվության: Մեկեն ըմպեց իրեն մատուցած գարեջրի չորս գավաթները, եւ հեշտորեն՝ մի փորձից գուշակեց, թե որը որ տեսակն է:

Test1test-2test-3

Մշուշոտ կասկածներ ունենք, որ հեչ էլ դեմ չէր լինի սխալվել, ու կրկին փորձել: Բայց դե՝ սեփական կասկածները ռեպորտաժում ներդնելու համար Մեսրոպ Հարությունյանն էլի կդատապարտեր տասնյակ տարիների գնդակահարության:

Նման փայլուն քննությունից հետո նրան հանդիսավոր պայմաններում շնորհեցին պատվոգիր, ըստ որի այսուհետ՝ նա պատվավոր ուսանող է: Կարգին էլ ուսանող է՝ թեեւ հազար մարդ հետեւից հազար բան է ասում:

Beer academy diplom

Մրցանակաբաշխությունից հետո Մեսրոպ Հարությունյանը հանդես եկավ ոգեշունչ եւ ոգելից ճառով, որը թերեւս Նոբելյանի համար էր պատրաստել, բայց դե, առայժմ այս առիթով պետք եկավ. «Հարգելի սեղանակիցներ. այսօր ինձ համար հանդիսավոր օր է, եւ այս պահը հանդիսավոր է, քանի որ ես ՎԵՐՋԱՊԵՍ կարողացա հանձնել քննությունները եւ դառնալ Գարեջրի ակադեմիայի պատվավոր ուսանող: Ցանկացած մեծ ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Ես առաջին քայլը կատարել եմ: Հուսամ,որ կհասնեմ մինչեւ ակադեմիկոսի աստիճան»:

jyuriԳարեջրի ակադեմիայի ներկայացուցիչը չարագուշակ զգուշացում արեց, թե իրենց գոյության տարիների ընթացքում դեռ ոչ մեկին չի հաջողվել դառնալ ակադեմիկոս: Այսուհանդերձ՝ դիպլոմը հանձնեց առանձնակի ջերմությամբ:

Mesrop Harutyunyan-mrcanakMesrop-Beer AcademyMesrop-mrcanak mrcanakabashxutyun mrcanakabashxutyun-1

Մեսրոպ Հարությունյանը պարզաբանեց, որ մինչ այժմ ուներ Ժողինստիտուտի եւ ԵՊՀ դիպլոմներ, մեկն էլ՝ Բեռլինի Ժուռնալիզմի միջազգային ինստիտուտից: Մեր հարցին, թե իր այս բոլոր դիպլոմներից ո՞ր մեկն է ամենակարեւորը՝ պատասխանեց. «Իհարկե, սա»:

Մենք ձեռք էինք բերել այս իրադարձությունը լուսաբանելու բացառիկ իրավունքները՝ թեեւ մրցակցությունը շատ դաժան էր. քննությանը ներկա լինելու հավակնություն ունեին նաեւ բազում «Մեսրոպի վկաներ»:

Ի հավելումն՝ Մեսրոպ Հարությունյանը արտոնեց, որ նախապես չուղարկենք հարցազրույցը՝ կարդա ու հետո նոր հրապարակենք: Շնորհակալ ենք քեզ՝ պատվավոր ուսանող Մեսրոպ Հարությունյան:

Mesrop Harutyunyan-1