Մեսրոպ Հարությունյանն այսուհետ գարեջրագիտության «բակո» է՝ բակալավր

Իմ այս բլոգի գոյության միակ իմաստը դառնում է լուսաբանումը, թե ինչպես է Մեսրոպ Հարությունյանը քայլ առ քայլ նվաճում գարեջրագիտության կաճառի աստիճանները:

Հաղորդել ենք, որ անցած տարվա հոկտեմբերի 3-ին Մեսրոպ Հարությունյանը դարձավ Գարեջրի ակադեմիայի ուսանող:

Տենդագին ուսումնառության անցած ամիսների ընթացքում, որի հետեւանքով ուսանողի փորը կլորիկացավ (նրան առավել նույնականացնելով «Գտնված երազի» մուլտֆիլմի ծերուկին)` նա գիտակցեց, որ պատրաստ է նոր բնագծեր նվաճել գարեջրագիտության ասպարեզում:

IMG_0840

Կարինե Քալանթարյան

 

Արդեն փոխանցել ենք, որ ձեռք ենք բերել այս իրադարձությունը լուսաբանելու բացառիկ իրավունքները: Այս անգամ քննությանը ներկա էր նաեւ Կարինե Քալանթարյանը, որը ստանձնել էր ազգամիջյան դիտորդի լիազորությունները:

IMG_0820

Գարեջրի ակադեմիայի աշխատակիցները

Գարեջրի ակադեմիայում Մեսրոպ Հարությունյանին փոխանցեցին, թե ինչպես պետք է այս անգամ հանձնի քննությունը: Ընդ որում՝ թեսթային առաջադրանքները մի քանիսն էին՝ մասնավորապես պետք է շատ արագ գարեջուր ըմպեր, եւ գրեր շարադրություն. «Ինչու գարեջրի ակադեմիա» թեմայով:

harcatertikԱռաջարկվեց նաեւ գարեջրի տարատեսակներ ճանաչելու թեսթը, ինչը նա հաջողությամբ հաղթահարել էր ուսանող դառնալիս: Սակայն Մեսրոպ Հարությունյանն այս անգամ հրաժարվեց՝ պատճառաբանելով գարեջրի ճանաչման գործում իր խորագիտակությունը: (Ի դեպ, ավելի ուշ հետաքրքրվեցինք, թե արդյոք ճանաչո՞ւմ է նաեւ ԼՂՀ-ն: «Այո, ես ճանաչում եմ Արցախը, որպես անկախ հանրապետություն… Հայաստանի կազմում»,- պատասխանեց նա):

Նշենք, որ Մեսրոպ Հարությունյանը նախապես բավական վրդովվեց, երբ տեղեկացավ, որ այս քննության արդյունքում դառնալու է բակալավր: «Ամբողջ աշխարհը գիտի, որ ես այսօր մագիստրոսի քննություն եմ տալու»,- իրեն բնորոշ համեստությամբ ասում էր նա:

Նաեւ պահանջեց, որ իրեն քննի հանձնաժողովը: Դե, վաղեմի սովորություն է՝ մարդը սովոր է արտահայտվել միայն լսարանի առջեւ:
IMG_0841Ճակատագրի հեգնանք՝ այլոց լրագրողական վարպետության դասեր տվողն ինքը պետք է շարադրություն գրեր: «Տեսնենք՝ հասկացե՞լ եք մեր փիլիսոփայությունը»,- ասաց Ակադեմիայի աշխատակիցը (գիտեի՞ք արդյոք, որ կա նաեւ գարեջրի փիլիսոփայություն):

«Նախապես ասած լինեիք՝ power point պրեզենտացիա կպատրաստեի,- ուշիմ ուսանողի ջանասիրությամբ ասաց Մեսրոպը:

IMG_0830

Այժմ ներկայացնենք, թե ինչպես նա հանձնեց քննությունը: Գարեջրի կես լիտրանոց գավաթը Մեսրոպն ըմպեց 30 վայրկյանում: Վատ արդյունք չէր, թեեւ պարզվեց, որ եղել է նաեւ 8 վայրկյանում ըմպող: «Աղջիկ վախտերս ես էլ կարող էի»,- կարոտախտի գիրկն ընկավ նա:

IMG_0836

Հետո անցավ շարադրությանը: Եվ որպես անաչառ ու հավասարակշռված լրագրություն դավանող՝ պարտավոր ենք արձանագրել, որ այստեղ նրան մի թեթեւ օգնեցին՝ հուշելով Գարեջրի ակադեմիայի կարգախոսը: Այդ խախտումը չարձանագրելու դիմաց նա ԶԼՄ ներկայացուցչին կաշառք առաջարկեց, սակայն իր չար բախտից՝ այս երեկո անկաշառությունս բռնել էր: Փոխարենը կարողացավ ներազդել դիտորդի վրա, որը մեղմացրեց գնահատականը խախտման վերաբերյալ: Երեւի ԱՊՀ դիտորդներից էր ազդված:

Mesropi patasxannern

Այսուհանդերձ՝ տեղի ունեցած խախտումը չանդրադարձավ քննության վերջնական արդյունքների վրա (դե, Հայաստանում երբ են անդրադառնում որ): Մեսրոպը գարեջուրը համարեց աստվածային խմիչք՝ պնդելով, թե Օլիմպոսում հունական աստվածների խմած նեկտարն ու ամբրոսիան գարեջրի հարանվանումներն են:

IMG_0822

Քննական հանձնաժողովի անդամները լրացնում էին նրա պատասխանները՝ պնդելով, թե գարեջուրն օրհնված է եկեղեցու կողմից:

Իսկ երբ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց նաեւ իր առաջարկները՝ մասնավորապես, ավելացնել գարեջրի նոր տեսակներ, ընդարձակել բացօթյա սրահը (պարզվեց՝ քաղաքապետարանը դեմ է սրան), հանձնաժողովին այլ բան չէր մնում, քան արձանագրել, որ նա լավ հանձնեց քննությունը եւ արժանանում է պատվավոր բակալավրի կոչման:

Նաեւ պատվիրեցին բացակայություններ չունենալ, կանոնավոր հաճախել ակադեմիա՝ հաջորդ, մագիստրոսական բնագիծը նվաճելու համար:

Նշենք, որ Մեսրոպ Հարությունյանը լիահույս է, որ դառնալու է գարեջրագիտության առաջին ակադեմիկոսը Հայաստանում:

IMG_0824