About Anna Israelyan

Journalist

Մեսրոպ Հարությունյանն այլեւս գարեջրագիտության մագիստրոս է

Սեփական օրինակով համոզվեցի, թե որքան վնասակար է գերիշխող դիրք ունենալը: Արդեն քանի օր է՝ Մեսրոպ Հարությունյանը հաջողությամբ հանձնել է քննությունները եւ դարձել գարեջրագիտության մագիստրոս, բայց ես չարաշահելով գերիշխող դիրքս՝ միայն այժմ եմ այդ մասին պատմում փաստացի նրան նվիրված բլոգիս ընթերցողներին, զի իրադարձության միակ լուսաբանողն էի, եւ մրցակից չունեի, որից հինգ րոպե առաջ փորձեի հայտնել այդ լուրը:

Մինչդեռ գարեջրագիտության մագիստրոսները Հայաստանում խիստ սակավ են՝ մինչ այս ընդամենը երկուսն էին, ուստի սա բնավ շարքային իրադարձություն չէ:

karine-kalantaryan

Այս անգամ դիտորդ մարմինը համալրվել էր: Եվ նոյեմբերի 16-ին, երբ գարեջրագիտության բակալավր Մեսրոպ Հարությունյանը հանձնում էր հերթական քննությունը՝ ներկա էր ոչ միայն Կարինե Քալանթարյանը: Հիշեցնենք, որ նախորդ քննության ժամանակ  Մեսրոպ Հարությունյանը կարողացել էր ներազդել դիտորդ Կարինե Քալանթարյանի վրա, որը մեղմացրել էր գնահատականը խախտման վերաբերյալ: Սակայն այժմ Կարինեն պնդում էր, թե արդեն դասընթացներ է անցել, ու չի գործելու ԱՊՀ դիտորդների պես (ըստ այդմ՝ միշտ դեպի մեզ, միշտ դեպի մեզ), այլ արդեն լինելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների պես (հետեւաբար՝ մեկ դեպի մեզ, մեկ դեպի ձեզ):

Այս անգամ  ներկա էր նաեւ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Միջազգային լրագրություն» գիտա-ուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ եւ Մեսրոպ Հարությունյանը, եւ Կարինե Քալանթարյանն այս բուհի դասախոսներ են:

Պարզվեց, որ Տատյանա Հովհաննիսյանը կանխատեսելու ունակությամբ կարող է մրցել Նոստրադամուսի եւ անգամ մեծն Գալուստ Սահակյանի հետ (ներող, Տանյուշ ջան), քանի որ ի սկզբանե ասաց. «Ինձ թվում է, դուք այստեղ ավելի շուտ կդառնաք գիտությունների թեկնածու, քան համալսարանում»:

tanya_karik

Երկուսն էլ գործուն աջակցություն ունեցան, որ այդպես էլ լինի: Մեսրոպ Հարությունյանին նախապես հարցեր էին տվել, կողմնորոշելու, թե ինչ ուղղությամբ է ընթանալու քննությունը: Բայց հարցերից եւ ոչ մեկը չկար նրան տրամադրված հարցաշարում:

mesrop_harcashar

Դրանց ծանոթանալով՝ Մեսրոպը սկսեց արագ-արագ հրահանգավորել գործընկերներին՝ «Գտիր իրենց ֆեյսբուքյան էջը», «Համացանցում որոնիր անարատ գարեջրի մասին» օրենքը»… Երկու հարցի պատասխանը գտավ, ինչպես երգում էին բիթլները՝ with a little help from my friends…

Մի հարցի պատասխանը չգիտեր: Նրան թվում էր, թե չորս հարցի ճիշտ պատասխանը բավարար կլինի գարեջրագիտության ոլորտում հերթական աստիճանը հաղթահարելու համար, սակայն ստացավ պատասխան, թե մագիստրոսը պետք է հինգից հինգ հարցին էլ ճիշտ պատասխանի:

karik_tanya

Երկու դասախոսները չէին կարողանում օգնել նրան: Տատյանան անգամ մի պահ հուսահատված նետեց, թե մեր ուսանողների չափ էլ չկանք:

Միայն ես էի չարախնդում, զի չար եմ ու սիրում եմ խնդմնդալ: Ախ, ինչպես էի ես կանխավայելում, որ այս մի նյութիս վերնագիրը լինելու է «Մեսրոպ Հարությունյանը կտրվեց քննությունից»:

Ճակատագրական հարցը, որին նա չէր կարողանում պատասխանել՝ այն էր, թե որտեղ են Գարեջրի ակադեմիայում պատկերված 1842, 2012, 2015 թվերը:

Բայց ավաղ… նրան ժամանակ տվեցին այդ հարցին պատասխանելու համար, Մեսրոպը շրջեց տարածքում ու կարճ ժամանակ անց հաղթական վերադարձավ՝ երեքն էլ գտել էր:

menejer

«Շատ հպարտ ենք, որ ունենք ձեզ պես մագիստրոս»,- ազդարարեց Գարեջրի ակադեմիայի ներկայացուցիչը: Լեփ լեցուն սրահում գտնվողները նոր մագիստրոսի մասին լուրին արձագանքեցին բուռն ծափահարություններով ու զվարթ բացականչություններով: Երեւի արդեն զգացվում էր գարեջրի ազդեցությունը՝ ենթադրեմ սա որպես… սրտի…մխիթարանք:

armen-ohanyan

Սրահում ներկա էր Մեսրոպի մանկության ընկերներից մեկը՝ Աշոտը, որը փորձեց շտկել այն բացը, որ ակադեմիան այդ պահին չուներ մագիստրոսական կոչումը հավաստող դիպլոմ: Ու փորձեց նրա համար գնել փաստաթուղթը, որն իրականում ուսանողական դիպլոմ էր: Մինչդեռ այս բլոգի ուշադիր ընթերցողները գիտեն, որ այդ մի դիպլոմը Մեսրոպ Հարությունյանը ձեռք է բերել շատ վաղուց:

Ի դեպ, ինչպես մինչ այժմ Հայաստանն ուներ գարեջրագիտության միայն երկու մագիստրոս, այնպես էլ հիմա գարեջրագիտության դոկտորներն ընդամենը երկուսն են: Կդառնա՞ Մեսրոպ Հարությունյանը երրորդ դոկտորը. այս մասին, ինչպես ասում էր դասականը՝ հաջորդ դասին:

mesrop

 

Մեսրոպ Հարությունյանն այսուհետ գարեջրագիտության «բակո» է՝ բակալավր

Իմ այս բլոգի գոյության միակ իմաստը դառնում է լուսաբանումը, թե ինչպես է Մեսրոպ Հարությունյանը քայլ առ քայլ նվաճում գարեջրագիտության կաճառի աստիճանները:

Հաղորդել ենք, որ անցած տարվա հոկտեմբերի 3-ին Մեսրոպ Հարությունյանը դարձավ Գարեջրի ակադեմիայի ուսանող:

Տենդագին ուսումնառության անցած ամիսների ընթացքում, որի հետեւանքով ուսանողի փորը կլորիկացավ (նրան առավել նույնականացնելով «Գտնված երազի» մուլտֆիլմի ծերուկին)` նա գիտակցեց, որ պատրաստ է նոր բնագծեր նվաճել գարեջրագիտության ասպարեզում:

IMG_0840

Կարինե Քալանթարյան

 

Արդեն փոխանցել ենք, որ ձեռք ենք բերել այս իրադարձությունը լուսաբանելու բացառիկ իրավունքները: Այս անգամ քննությանը ներկա էր նաեւ Կարինե Քալանթարյանը, որը ստանձնել էր ազգամիջյան դիտորդի լիազորությունները:

IMG_0820

Գարեջրի ակադեմիայի աշխատակիցները

Գարեջրի ակադեմիայում Մեսրոպ Հարությունյանին փոխանցեցին, թե ինչպես պետք է այս անգամ հանձնի քննությունը: Ընդ որում՝ թեսթային առաջադրանքները մի քանիսն էին՝ մասնավորապես պետք է շատ արագ գարեջուր ըմպեր, եւ գրեր շարադրություն. «Ինչու գարեջրի ակադեմիա» թեմայով:

harcatertikԱռաջարկվեց նաեւ գարեջրի տարատեսակներ ճանաչելու թեսթը, ինչը նա հաջողությամբ հաղթահարել էր ուսանող դառնալիս: Սակայն Մեսրոպ Հարությունյանն այս անգամ հրաժարվեց՝ պատճառաբանելով գարեջրի ճանաչման գործում իր խորագիտակությունը: (Ի դեպ, ավելի ուշ հետաքրքրվեցինք, թե արդյոք ճանաչո՞ւմ է նաեւ ԼՂՀ-ն: «Այո, ես ճանաչում եմ Արցախը, որպես անկախ հանրապետություն… Հայաստանի կազմում»,- պատասխանեց նա):

Նշենք, որ Մեսրոպ Հարությունյանը նախապես բավական վրդովվեց, երբ տեղեկացավ, որ այս քննության արդյունքում դառնալու է բակալավր: «Ամբողջ աշխարհը գիտի, որ ես այսօր մագիստրոսի քննություն եմ տալու»,- իրեն բնորոշ համեստությամբ ասում էր նա:

Նաեւ պահանջեց, որ իրեն քննի հանձնաժողովը: Դե, վաղեմի սովորություն է՝ մարդը սովոր է արտահայտվել միայն լսարանի առջեւ:
IMG_0841Ճակատագրի հեգնանք՝ այլոց լրագրողական վարպետության դասեր տվողն ինքը պետք է շարադրություն գրեր: «Տեսնենք՝ հասկացե՞լ եք մեր փիլիսոփայությունը»,- ասաց Ակադեմիայի աշխատակիցը (գիտեի՞ք արդյոք, որ կա նաեւ գարեջրի փիլիսոփայություն):

«Նախապես ասած լինեիք՝ power point պրեզենտացիա կպատրաստեի,- ուշիմ ուսանողի ջանասիրությամբ ասաց Մեսրոպը:

IMG_0830

Այժմ ներկայացնենք, թե ինչպես նա հանձնեց քննությունը: Գարեջրի կես լիտրանոց գավաթը Մեսրոպն ըմպեց 30 վայրկյանում: Վատ արդյունք չէր, թեեւ պարզվեց, որ եղել է նաեւ 8 վայրկյանում ըմպող: «Աղջիկ վախտերս ես էլ կարող էի»,- կարոտախտի գիրկն ընկավ նա:

IMG_0836

Հետո անցավ շարադրությանը: Եվ որպես անաչառ ու հավասարակշռված լրագրություն դավանող՝ պարտավոր ենք արձանագրել, որ այստեղ նրան մի թեթեւ օգնեցին՝ հուշելով Գարեջրի ակադեմիայի կարգախոսը: Այդ խախտումը չարձանագրելու դիմաց նա ԶԼՄ ներկայացուցչին կաշառք առաջարկեց, սակայն իր չար բախտից՝ այս երեկո անկաշառությունս բռնել էր: Փոխարենը կարողացավ ներազդել դիտորդի վրա, որը մեղմացրեց գնահատականը խախտման վերաբերյալ: Երեւի ԱՊՀ դիտորդներից էր ազդված:

Mesropi patasxannern

Այսուհանդերձ՝ տեղի ունեցած խախտումը չանդրադարձավ քննության վերջնական արդյունքների վրա (դե, Հայաստանում երբ են անդրադառնում որ): Մեսրոպը գարեջուրը համարեց աստվածային խմիչք՝ պնդելով, թե Օլիմպոսում հունական աստվածների խմած նեկտարն ու ամբրոսիան գարեջրի հարանվանումներն են:

IMG_0822

Քննական հանձնաժողովի անդամները լրացնում էին նրա պատասխանները՝ պնդելով, թե գարեջուրն օրհնված է եկեղեցու կողմից:

Իսկ երբ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց նաեւ իր առաջարկները՝ մասնավորապես, ավելացնել գարեջրի նոր տեսակներ, ընդարձակել բացօթյա սրահը (պարզվեց՝ քաղաքապետարանը դեմ է սրան), հանձնաժողովին այլ բան չէր մնում, քան արձանագրել, որ նա լավ հանձնեց քննությունը եւ արժանանում է պատվավոր բակալավրի կոչման:

Նաեւ պատվիրեցին բացակայություններ չունենալ, կանոնավոր հաճախել ակադեմիա՝ հաջորդ, մագիստրոսական բնագիծը նվաճելու համար:

Նշենք, որ Մեսրոպ Հարությունյանը լիահույս է, որ դառնալու է գարեջրագիտության առաջին ակադեմիկոսը Հայաստանում:

IMG_0824

 

Թե ինչպես դասախոս Մեսրոպ Հարությունյանը դարձավ ակադեմիայի ուսանող (լուսանկարչական ռեպորտաժ)

Արվեց առաջին քայլը՝ ակադեմիկոս դառնալու ճանապարհին

Mesrop-glxavorԱշնանային խաղաղ երեկոն իր թեւերն էր տարածել Երեւանի վրա, եւ ոչնչից հնարավոր չէր կանխատեսել, թե ինչ կարեւոր իրադարձություն է տեղի ունենալու հոկտեմբերի 3-ին: Լրագրողների սերունդներ կրթած Մեսրոպ Հարությունյանն այդ օրը ինքը մեկ, երկու, երեք չորս ու.. մեկեն դարձավ ուսանող: Մրցանակը գտավ հերոսին:

Այսպես կսկսեին կատարվածի մասին իրենց ռեպորտաժը այն ուսանողները, որոնց լրագրություն չի դասավանդել Մեսրոպ Հարությունյանը: Մյուսները, որոնց հին գրաբարով անվանում են «Մեսրոպի վկաներ»՝ չէին հանդգնի. դասախոսն իրենց կդատապարտեր 15 տարվա գնդակահարության՝ ընդհանրապես նման տուֆտա սկզբի, եւ մասնավորապես՝ նյութի սկզբում ամսաթիվ գրելու համար:

Սակայն դառնանք կատարվածին: Գարեջրային ակադեմիան, որի մշտական հաճախորդն է Մեսրոպ Հարությունյանը՝ նախապես նրան իրազեկել էր, որ կարող է քննություն հանձնել ու դառնալ իրենց ուսանողը:

Մեսրոպը հեշտությամբ հանձնեց քննությունը՝ առանց նախնական խորհրդատվության: Մեկեն ըմպեց իրեն մատուցած գարեջրի չորս գավաթները, եւ հեշտորեն՝ մի փորձից գուշակեց, թե որը որ տեսակն է:

Test1test-2test-3

Մշուշոտ կասկածներ ունենք, որ հեչ էլ դեմ չէր լինի սխալվել, ու կրկին փորձել: Բայց դե՝ սեփական կասկածները ռեպորտաժում ներդնելու համար Մեսրոպ Հարությունյանն էլի կդատապարտեր տասնյակ տարիների գնդակահարության:

Նման փայլուն քննությունից հետո նրան հանդիսավոր պայմաններում շնորհեցին պատվոգիր, ըստ որի այսուհետ՝ նա պատվավոր ուսանող է: Կարգին էլ ուսանող է՝ թեեւ հազար մարդ հետեւից հազար բան է ասում:

Beer academy diplom

Մրցանակաբաշխությունից հետո Մեսրոպ Հարությունյանը հանդես եկավ ոգեշունչ եւ ոգելից ճառով, որը թերեւս Նոբելյանի համար էր պատրաստել, բայց դե, առայժմ այս առիթով պետք եկավ. «Հարգելի սեղանակիցներ. այսօր ինձ համար հանդիսավոր օր է, եւ այս պահը հանդիսավոր է, քանի որ ես ՎԵՐՋԱՊԵՍ կարողացա հանձնել քննությունները եւ դառնալ Գարեջրի ակադեմիայի պատվավոր ուսանող: Ցանկացած մեծ ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Ես առաջին քայլը կատարել եմ: Հուսամ,որ կհասնեմ մինչեւ ակադեմիկոսի աստիճան»:

jyuriԳարեջրի ակադեմիայի ներկայացուցիչը չարագուշակ զգուշացում արեց, թե իրենց գոյության տարիների ընթացքում դեռ ոչ մեկին չի հաջողվել դառնալ ակադեմիկոս: Այսուհանդերձ՝ դիպլոմը հանձնեց առանձնակի ջերմությամբ:

Mesrop Harutyunyan-mrcanakMesrop-Beer AcademyMesrop-mrcanak mrcanakabashxutyun mrcanakabashxutyun-1

Մեսրոպ Հարությունյանը պարզաբանեց, որ մինչ այժմ ուներ Ժողինստիտուտի եւ ԵՊՀ դիպլոմներ, մեկն էլ՝ Բեռլինի Ժուռնալիզմի միջազգային ինստիտուտից: Մեր հարցին, թե իր այս բոլոր դիպլոմներից ո՞ր մեկն է ամենակարեւորը՝ պատասխանեց. «Իհարկե, սա»:

Մենք ձեռք էինք բերել այս իրադարձությունը լուսաբանելու բացառիկ իրավունքները՝ թեեւ մրցակցությունը շատ դաժան էր. քննությանը ներկա լինելու հավակնություն ունեին նաեւ բազում «Մեսրոպի վկաներ»:

Ի հավելումն՝ Մեսրոպ Հարությունյանը արտոնեց, որ նախապես չուղարկենք հարցազրույցը՝ կարդա ու հետո նոր հրապարակենք: Շնորհակալ ենք քեզ՝ պատվավոր ուսանող Մեսրոպ Հարությունյան:

Mesrop Harutyunyan-1

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՑԵԼ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ 

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

ԶԵԿՈՒՅՑ

  ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

http://www.ypc.am

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՌՈՏ ԱՄՓՈՓՈՒՄ

 Թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթների կազմակերպման, անցկացման, արդյունքների ամփոփման, մրցույթներին ներկայացված հայտերի ուսումնասիրությունը ԵՄԱ փորձագիտական խումբն իրականացրել է 2011 թվականի մարտ-հունիս ամիսներին:

Հետազոտության առարկա են եղել մրցույթների կազմակերպման իրավական հիմքերը, մրցույթների անցկացումը, ներկայացված հայտերի բովանդակությունը, հաղթող ճանաչելու վերաբերյալ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կայացրած որոշումները:

Ուսումնասիրություների արդյունքում խումբը հանգել է հետեւյալ հիմնական եզրակացություններին.

1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 2010 թվականի հունիսի 10-ին կատարված փոփոխությունները չնպաստեցին հեռուստաոլորտի զարգացմանը, ազատ, արդար եւ թափանցիկ մրցույթների անցկացմանը, եթերում բազմակարծությանն ու բազմազանությանը:

2. Օրենքի՝ լիցենզավորմանը վերաբերող գլխում առկա հոդվածներն ու դրանց հիման վրա Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած մրցույթների անցկացման կարգը այդպես էլ չբացառեցին որոշումներ ընդունելու սուբյեկտիվ մոտեցումների հնարավորությունը: Սա դրսեւորվեց, մասնավորապես, թիվ 11 մրցույթի արդյունքներն ամփոփելիս, երբ «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ («Ա1+» հեռուստաընկերության) հայտը հանձնաժողովը արժանացրեց ընդամենը 2 գնահատականի:

3. Այդպես էլ չսահմանվեց ըստ գնահատման առանձին չափանիշների վարկանիշային քվեարկություն իրականացնելու հնարավորությունը: Օրենքը վարկանիշային քվերակության ընթացակարգի սահմանումը թողնում է ՀՌԱՀ-ի վրա, իսկ վերջինս էլ իր հաստատած կարգում նշել է, թե՝ «Համեմատելով տվյալ մրցույթի մասնակիցների հայտերում եւ կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները, Հանձնաժողովի անդամը 0-10 ամբողջ թվերով գնահատում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցին»: Այսինքն՝ ամբողջ փաթեթին նշանակվում է մեկ գնահատական:

4. Մրցույթները հայտարարվեցին եւ անցկացվեցին օրենքով եւ ՀՌԱՀ-ի հաստատած կարգով սահմանված ժամկետներում:

5. ՀՌԱՀ-ը հրաժարվեց ԵՄԱ փորձագիտական խմբին տրամադրել մրցութային հայտերում առկա մի շարք փաստաթղթեր՝ պատճառաբանելով, թե դրանք առեւտրային կամ անձնական գաղտնիք են:

6. Մրցույթների արդյունքները ամփոփելիս ՀՌԱՀ-ը միատեսակ մոտեցում չի ցուցաբերել հիմնավորումները ձեւակերպելիս: Եթե երկու մասնակից ունեցող չորս մրցույթներում հաղթող ճանաչելու մասին որոշումներում հիմնավորումներն առկա են, ապա այն դեպքերում, երբ մրցույթն ունեցել է մեկ մասնակից, հաղթող ճանաչելու ՀՌԱՀ-ի բոլոր 21 որոշումների մեջ էլ տրված է ստանդարտ ձեւակերպում. «…ներկայացրած հայտի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները»։

Սա, խմբի գնահատմամբ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող պատշաճ հիմնավորում եւ պատճառաբանում չէ:

7. Հանձնաժողվի անդամները 29 հայտերի քվեարկությունից 27-ի դեպքում միանման գնահատականներ են նշանակել: Ստացվում է, որ միատեսակ են գնահատել եւ արդեն տարիների փորձ ունեցող, տեխնիկական, կադրային, ֆինանսական խնդիրներ համարյա չունեցող հեռուստաընկերություններին, եւ նորաստեղծ, մտադրություններից բացի ոչինչ չունեցողներին:

8. ՀՌԱՀ-ն ի սկզբանե չի սահմանել ներկայացվող պարտադիր ու կամընտիր ֆինանսական փաստաթղթերի եւ կետերի ցանկը: Արդյունքում՝ առաջարկները կազմված են «ազատ ոճով», հայտերում ներկայացված ֆինանսական փաստաթղթերը, պայմանագրերը, կանխատեսումները չեն ենթարկվում որեւէ ստանդարտացման, եւ դրանք գրեթե հնարավոր չէ համեմատել: Գոյություն չունի պարտադիր ներկայացման համար անհրաժեշտ պարամետրերի (կետերի), փաստաթղթերի ցանկ, եւ հանձնաժողովին առաջնորդող ինդիկատորների սանդղակ: Ֆինանսական փաստաթղթերը հաճախ կազմված են անփութորեն, պարունակում են թվաբանական եւ փաստական սխալներ:

9. ՀՌԱՀ-ի հաստատած մրցութային կարգն ընդամենը նախատեսում է, որ հայտում պետք է ներկայացված լինեն տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին: Այս փաստաթղթում հայտի տեխնիկական գնահատման համար չկան հստակ չափորոշիչներ, մատնանշված չեն տեխնիկական այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի հայտատուն: Արդյունքում, ՀՌԱՀ-ի հայտերի տեխնիկական միջոցներին վերաբերող հատվածները գնահատում են այնպես, ինչպես իրենք են հասկանում:

 ՆԱԽԱԲԱՆ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ,

ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 2010 թվականի հուլիս-դեկտեմբերին Հայաստանում անցկացվեցին թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային սփռման՝ թվով 25 մրցույթներ: Այդ մրցույթներին մասնակցեց Հայաստանի 29 հեռուստաընկերություն. միայն 4 մրցույթում էր, որ մրցակցություն կար՝ հայտ էր ներկայացրել երկուական հեռուստաընկերություն: Մնացած 21 դեպքում մասնակիցները մեկական էին: Մրցույթների արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբերի 16-ին եւ 23-ին:

Ըստ սփռման տարածքի եւ հեռուստածրագրերի ուղղվածության՝ հայտարարվել էին հետեւյալ մրցույթները

ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

ՔԱՆԱԿԸ

Հանրապետական սփռում

Թիվ 1-ից թիվ 5 մրցույթներ՝ ընդհանուր ուղղվածության

5

Թիվ 6 մրցույթ՝ վերահեռարձակում

1

Ընդամենը հանրապետական սփռման մրցույթ

6

Մայրաքաղաքային սփռում

Թիվ 7 մրցույթ՝ ժամանցային

1

Թիվ 8 մրցույթ՝ երիտասարդական

1

Թիվ 9 մրցույթ՝ երաժշտական

1

Թիվ 10 մրցույթ՝ մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության.

1

Թիվ 11 մրցույթ՝ միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության

1

Թիվ 12- 14 մրցույթներ՝ վերահեռարձակում

3

Ընդամենը մայրաքաղաքային սփռման մրցույթ

8

Տարածքային սփռում

Թիվ 15 մրցույթ՝ ընդհանուր ուղղվածություն, մայրաքաղաքային սփռումԹիվ 16 մրցույթ՝ ընդհանուր ուղղվածություն, Տավուշի մարզԹիվ 17 մրցույթ՝ Լոռու մարզ

Թիվ 18 մրցույթ՝ Գեղարքունիքի մարզ

Թիվ 19 մրցույթ՝ Արարատի մարզ

Թիվ 20 մրցույթ՝ Արմավիրի մարզ

Թիվ 21 մրցույթ՝ Վայոց Ձորի մարզ

Թիվ 22 մրցույթ՝ Կոտայքի մարզ

Թիվ 23 մրցույթ՝ Շիրակի մարզ

Թիվ 24 մրցույթ՝ Սյունիքի մարզ

Թիվ 25 մրցույթ՝ Արագածոտնի մարզ

11

Ընդամենը տարածքային սփռման մրցույթ

11

ԸՆԴՀԱՆՈՒՐԸ

25

Մրցույթներին մասնակցելու հայտ էին ներկայացրել հետեւյալ իրավաբանական անձինք (ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ 2010 թվականի հոկտեմբերի 21-ի № 71-Ա եւ 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 73 – Ա որոշումների հավելվածների)։

Մրցույթի հերթական համարը Սփռման տարածքը Մասնակիցների անվանումը
Թիվ 1 հանրապետական «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ
Թիվ 2 հանրապետական «ՇԱՆԹ» ՍՊԸ
Թիվ 3 հանրապետական «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ
Թիվ 4 հանրապետական «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ
Թիվ 5 հանրապետական « ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ
Թիվ 6 հանրապետական «ԱՆՍՎԵՐ» ՍՊԸ
Թիվ 7 մայրաքաղաքային «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ
Թիվ 8 մայրաքաղաքային 1.«Ա.Լ.Մ.- ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ2.«ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ
Թիվ 9 մայրաքաղաքային «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ
Թիվ 10 մայրաքաղաքային «ԱՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ
Թիվ 11 մայրաքաղաքային 1.«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲԸ2. «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ
Թիվ 12 մայրաքաղաքային «ԿԱՅՄ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ
Թիվ 13 մայրաքաղաքային «ՊԱՐԱԴԻԶ» ՍՊԸ
Թիվ 14 մայրաքաղաքային «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ՍՊԸ
Թիվ 15 մայրաքաղաքային «ՇԱՐԿ» ՍՊԸ
Թիվ 16 մարզային (Տավուշ) «ՏԱՎՈՒՇ-ՏՎ» ՍՊԸ
Թիվ 17 մարզային (Լոռի) «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊԸ
Թիվ 18 մարզային (Գեղարքունիք) «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ
Թիվ 19 մարզային (Արարատ) «ՏԵԼԵԼԵՔՍ» ՍՊԸ
Թիվ 20 մարզային (Արմավիր) «ՆՈՐ ԴԱՐ, ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ» ՍՊԸ
Թիվ 21 մարզային (Վայոց Ձոր) «ԱՐՓԱԻՆՖՈՐՄ» ՍՊԸ
Թիվ 22 մարզային (Կոտայք) 1.«ԱԲՈՎՅԱՆ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ2. «ՍԻՐԱԿ» ՍՊԸ
Թիվ 23 մարզային (Շիրակ) 1. «ՉԱՊ» ՍՊԸ2. «ՑԱՅԳ» ՍՊԸ
Թիվ 24 մարզային (Սյունիք) «ՁԱԳԵՁՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ
Թիվ 25 մարզային (Արագածոտն) «ԵՐԵՎԱՆ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ

Մրցույթների արդյունքների ամփոփման հիմնական ինտրիգն էր՝ կստանա՞ արդյոք «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ն հեռարձակման լիցենզիա, թե՞ ոչ, այսինքն՝ կկատարվի՞ արդյոք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ հաստատված՝ «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով դատական վճիռը, թե՞ ոչ, կլինի՞ «Ա1+»-ը եթերում: Մրցույթների արդյունքներն ամփոփելիս պարզ դարձավ, որ այս հարցերի պատասխանները բացասական են:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնած սույն հետազոտության նպատակն էր՝ պարզել, թե որքանով են հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրությունը, հեռուստահեռարձակման մրցույթների կազմակերպումը, անցկացումն ու արդյունքները նպաստում Հայաստանում հեռուստաոլորտի զարգացմանը, եթերում բազմակարծությանն ու բազմազանությանը:

Հետազոտության խնդիրներն էին՝ ուսումնասիրել մրցույթների ներկայացված հայտերը եւ դրանց վերաբերյալ ՀՌԱՀ-ի եզրակացությունները, եւ պարզել, արդյո՞ք ՀՌԱՀ-ը միանման մոտեցում է ցուցաբերել բոլոր մրցույթների արդյունքներն ամփոփելիս, թե՞ դրսեւորել է կողմնակալություն այս կամ այն դեպքում, եւ արդյո՞ք սուբյեկտիվիզմն ազդել է մրցույթներում հաղթողներին հայտարարելու որոշումների վրա:

Հետազոտությունն իրականացնելու համար ԵՄԱ-ն ձեւավորել է աշխատանքային խումբ՝ ներգրավելով տարբեր ոլորտների փորձագետների։ Սույն դիտարկումն իրականացրել են եւ զեկույցի համապատասխան բաժինները պատրաստել են՝ ԶԼՄ-ների գծով փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, «Առավոտ» օրաթերթի մեկնաբան Աննա Իսրաելյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» խորհրդի անդամ, գնումների գծով փորձագետ, Սուրեն Սաղաթելյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի համակարգող, ֆինանսների գծով փորձագետ, Իզաբելլա Սարգսյանը, մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության տեխնիկական տնօրեն, փորձագետ, Կոնստանտին Գեոդակյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի համակարգող,Միքայել Հովհաննիսյանը, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը։

ՀՌԱՀ-ից ձեռք են բերվել բոլոր մրցութային հայտերը: Հարկ է նշել, որ ՀՌԱՀ-ի ղեկավարությունը մրցութային հայտերի ամբողջական փաթեթները չտրամադրեց՝ որոշ փաստաթղթերի տրամադրումը մերժելը պատճառաբանելով առեւտրային կամ անձնական գաղտնիք լինելու հանգամանքով:

Փորձագիտական խումբը ՀՌԱՀ-ից ստացած հայտերն ուսումնասիրել է ըստ օրենքով սահմանված մրցութային չափանիշների, կազմել է հայտերում առկա այն փաստերի ցանկը, որոնք կարող էին կասկած հարուցել ՀՌԱՀ-ի անդամների մոտ, փորձել է պարզել՝ արդյո՞ք ՀՌԱՀ-ն ուսումնասիրել է այդ կասկածները: Յուրաքանչյուր փորձագետ իր ուսումնասիրած չափանիշի վերաբերյալ ներկայացրել է եզրակացություն:

Պետք է նշել, որ թեպետ հայտարարված 25 մրցույթներից միայն չորսում կար իրական մրցակցություն. մնացած մրցույթներին ներկայացված էր մեկական հայտ, այնուամենայնիվ այդ հայտերի ուսումնասիրությունը կարեւոր էր այն տեսակետից, որ հաճախականության լիցենզիա ստանալու համար դիմած ընկերությունը հավակնում է սահմանափակ հանրային պաշարի օգտագործմանը եւ պետք էր պարզել թե արդյոք տվյալ ընկերության կողմից սահմանափակ հանրային պաշարի շահագործումը համապատասասխանում է օրենքի եւ հանրության պահանջներին։

Բացի այդ, խումբն ուսումնասիրել է նաեւ մրցույթների անցկացման իրավական հիմքերը, մրցույթներում հաղթողներ ճանաչելու վերաբերյալ ՀՌԱՀ-ի որոշումները:

Սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների հայտարարված չափաբաժինների՝ գործնականում պահպանվելը պարզելու նպատակով ընտրանքային եղանակով հետազոտվել են որոշ հեռուստաընկերությունների մի քանի օրերի եթերի տեսագրությունները: Ըստ դրա արդյունքների կազմվել է համեմատական աղյուսակ:

Ստացված բոլոր տվյաների հիման վրա կազմվել է այս զեկույցը:

Սույն հետազոտության ժամանակ չեն դիտարկվել վերահեռարձակման մրցույթներին ներկայացված հայտերը, որովհետեւ, ըստ փորձագետների, վերահեռարձակման համար լիցենզիա ստանալու մրցույթներին ներկայացվող պահանջները պիտի տարբերվեին մյուս մրցույթների պահանջներից (օրինակ՝ տեղին չէ վերահեռարձակման մրցույթի համար պահանջել սեփական կամ հայրենական արտադրության չափաբաժին): Հետեւաբար, լիցենզավորող մարմնի՝ ՀՌԱՀ-ի մոտեցումներն էլ վերահեռարձակում իրականացնելու լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց նկատմամբ պետք է տարբերվեին մյուս մրցույթների մասնակիցների նկատմամբ կիրառելիք մոտեցումներից (իրականում, փաստորեն, այդպես չէր. տե՛ս ստորեւ):

 ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ

 Հայաստանի Հանրապետության տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթներն անց են կացվում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2010 թվականի հունիսի 10-ին ընդունված փոփոխություններով) հիման վրա: Ավելի կոնկրետ՝ գործընթացը կարգավորվում է հիշյալ օրենքի 6-րդ՝ «Հեռուստառադիոընկերությունների լիցենզավորումը» գլխի հոդվածներով:

Այդ օրենքի պահանջներին համապատասխան, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010 թվականի հունիսի 28-ին հաստատել է «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը»:

Դեռեւս օրենքի փոփոխությունների քննարկման ընթացքում լրագրողական հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարություններում ընդգծվում էր, որ «օրինագիծը միտված է ոչ թե ապագային, այլ ամրագրում է հեռուստաշուկայում առկա եւ իշխանություններին ձեռնտու կառավարելի եթերի ստատուս քվոն»: Անցումը թվային հեռարձակման՝ պիտի անսահման հնարավորութուններ բացեր, սակայն օրենքի փոփոխություններով մայրաքաղաքում հեռարձակվող ալիքների թիվը, համենայն դեպս մինչեւ 2015 թվականին մասնավոր շահագործման մուլտիպլեքսների գործարկումը, 22-ից կրճատվում էր մինչեւ 18-ի, մարզերում, ըստ էության, մնում էր 6 հանրապետական սփռման (որոնցից մեկը՝ վերահեռարձակող) եւ մեկ տեղական սփռման ալիք: Այնինչ, ըստ ոլորտի փորձագետների, մեկ մուլտիպլեքս ավելի շահագործելու դեպքում ամբողջ երկրում ալիքների թիվը ոչ միայն չէր կրճատվի, այլեւ կարող էր նույնիսկ ավելանալ:

Ի հեճուկս լրագրողական կազմակերպությունների բազմաթիվ պնդումների, այդպես էլ չսահմանվեց պարզ լիցենզավորման ընթացակարգը, եւ բոլոր այլընտրանքային հեռարձակումները (արբանյակային, ինտերնետային) կախման մեջ մնացին ՀՀ տարածում եթերային հեռարձակում ունենալուց:

Բուն լիցենզավորմանը վերաբերող գլխում առկա հոդվածներն ու դրանց հիման վրա Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած մրցույթների անցկացման կարգը այդպես էլ չբացառեցին որոշումներ ընդունելու սուբյեկտիվ մոտեցումների հնարավորությունը:

Նախ, թեպետ լրագրողական կազմակերպությունները բազմիցս առաջարկել էին մրցութային փաթեթները բացելուց հետո դրանք դնել բաց հանրային քննարկման եւ կազմակերպել հասարակական լսումներ, իսկ հետագայում՝ մրցույթներն ամփոփելիս հաշվի առնել նաեւ հանրային քննարկման ժամանակ հնչած կարծիքները, օրենքն այդպես էլ նման դրույթ չներառեց:

Երկրորդ, այդպես էլ չսահմանվեց ըստ գնահատման առանձին չափանիշների վարկանիշային քվեարկություն իրականացնելու հնարավորությունը: Ե՛վ օրենքի 49-րդ հոդվածը, ե՛ւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հաստատած «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգը» սահմանում են, որ՝

«Հանձնաժողովը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հաշվի է առնում`
1)
սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
2)
հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.
3)
հեռուստաընկերության բիզնես ծրագրի հիմնավորվածությունը.
4)
բազմակարծությունը խթանելու կարողությունը.
5)
հայտատուի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները.
6)
աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը»:

Եվ քանի որ օրենքը վարկանիշային քվերակության ընթացակարգի սահմանումը թողնում է ՀՌԱՀ-ի վրա, ապա վերջինս էլ իր հաստատած կարգում նշել է.

 «Համեմատելով տվյալ մրցույթի մասնակիցների հայտերում եւ կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները, Հանձնաժողովի անդամը 0-10 ամբողջ թվերով գնահատում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցին»:

Այսինքն՝ ամբողջ փաթեթին նշանակվում է մեկ գնահատական: Մինչդեռ ըստ առանձին չափանիշների գնահատում իրականացնելը կբացառեր այնպիսի իրավիճակը, որպիսին եղավ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին՝ թիվ 11 մրցույթի արդյունքներն ամփոփելիս, երբ մեկ չափանիշի վերաբերյալ բացասական եզրակացությունը նկատի ունենալով, հանձնաժողվի ութ անդամներից 7-ը «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+» հեռուստաընկերության) ամբողջ հայտին տվեցին 0 գնահատական:

Դեռեւս «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում որոշ փորձագետներ նշում էին, որ «բազմակարծությունը խթանելու կարողությունը» չափանիշն ընդհանրապես ավելորդ է, որովհետեւ, ի տարբերություն մյուս չափանիշների, այն վերացական է եւ չունի հստակ չափման միավոր: Սակայն օրենքում այն մնաց եւ, բնականաբար, ներառվեց նաեւ ՀՌԱՀ-ի հաստատած կարգում:

Ե՛վ օրենքը, ե՛ւ ՀՌԱՀ-ի հաստատած կարգը տարբերակում չդրեցին հեռարձակման եւ վերահեռարձակման մրցույթների հայտերի ներկայացվող պահանջներում եւ դրանց գնահատման չափանիշներում: Այսպես, օրենքի 48-րդ հոդվածը (որի դրույթները նույնությամբ կրկնվում են ՀՌԱՀ-ի հաստատած կարգում) ասում է.

« Հոդված 48. Լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտը

1. Հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտում նշվում են`

1) հայտ ներկայացնողի անվանումը եւ գտնվելու վայրը.

2) հեռուստածրագրերի թեմատիկ ուղղվածությունը.

3) սփռման տարածքը.

4) տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր եւ լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ դրանց արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին.

5) սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների ծավալը.

6) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

 2. Հայտին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերի եւ իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, հեռուստաընկերության բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության եւ մասնագիտական պատրաստվածության մասին, ինչպես նաեւ լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի մուծման անդորրագիրը։»

Իսկ վերն արդեն մեջբերել ենք, թե ինչն է հաշվի առնում Ազգային հանձնաժողովը՝ մրցութային հայտերը գնահատելիս:

Այսինքն, ստացվում է, որ ըստ օրենքի եւ Կարգի՝ վերահեռարձակման մրցույթներին էլ դիմողը պիտի ներկայացնի «սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների ծավալը», «բազմակարծությունը խթանելու կարողությունը», «աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը» հավաստող տեղեկություններ, իսկ նրան գնահատելիս ՀՌԱՀ-ը պետք է հաշվի առնի այդ չափանիշները: Ավելացնենք, որ 2010 թվականի հուլիսի 20-ին հրապարակված ՀՌԱՀ-ի մրցութային հայտարարությունները համեմատելիս էլ որեւէ տարբերություն չենք նկատում, ասենք, թիվ 1-5 (ընդհանուր ուղղվածության հանրապետական սփռում) եւ թիվ 6 (հանրապետական սփռում, վերահեռարձակում) կամ թիվ 7-11 (մայրաքաղաքային սփռում) եւ 12-14 (մայրաքաղաքային սփռում վերահեռարձակում) մրցույթների վերաբերյալ հայտարարությունների տեքստերում:

Մրցույթները հայտարարվեցին եւ անցկացվեցին օրենքով եւ ՀՌԱՀ-ի հաստատած կարգով սահմանված ժամկետներում: Սակայն ընթացքում կասկածներ հարուցող մի երեւույթ, համենայն դեպս, նկատվեց. կոնկրետ մրցույթներին կոնկրետ իրավաբանական անձանց դիմելը գաղտնի էր՝ մինչեւ ՀՌԱՀ-ի կողմից հոկտեմբերի 22-ին ըստ մրցույթների դիմողների ցանկի հրապարակելը: Հրապարակումից հետո պարզ դարձավ, որ օրինակ թիվ 1-5 մրցույթներին (որոնք ոչնչով չէին տարբերվում իրարից) մեկական հայտ է ներկայացվել: Եթե ամեն ինչ գաղտնի էր, ապա ինչպե՞ս կարող էր նման բան ստացվել. կամ ՀՌԱՀ-ից պիտի ինֆորմացիայի արտահոսք լիներ, որ այսինչ համարի մրցույթին արդեն այսինչ ընկերությունն է հայտ ներկայացրել, կամ ՀԸ-ները պիտի հանրապետական սփռման շուկան իրար մեջ բաժանելու պայմանավորվածություններ ունենային՝ բացառելու համար իրար հետ մրցակցությունը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի» 49-րդ հոդվածի 3-րդ մասը նշում է.

«Ազգային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա: Ազգային հանձնաժողովի որոշումը պետք է լինի պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված»:

Այսուհանդերձ, մրցույթների արդյունքներն ամփոփելիս ՀՌԱՀ-ը միատեսակ մոտեցում չի ցուցաբերել հիմնավորումները ձեւակերպելիս: Այսպես, եթե թիվ 8, 11, 22, 23 մրցույթների արդյունքերն ամփոփելիս ՀՌԱՀ-ն այս կամ այն ընկերությանը հաղթող ճանաչելու որոշման իր հիմնավորումները ներկայացրել է, ապա նույնը չի կարելի ասել մնացած 21 մրցույթների արդյունքների վերաբերյալ որոշումների մասին:

Այսպես, «Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 11 մրցույթում (այս մրցույթին մասնակցում էին «Արմնյուզ» ՓԲԸ-ն եւ «Մելտեքս» ՍՊԸ-ն) հաղթող ճանաչելու մասին» 2010 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշման մեջ ՀՌԱՀ-ը մանրամասն ներկայացրել է երկու մասնակիցների հայտերի համեմատականները ըստ չափանիշների, «Մելտեքս» ՍՊԸ հայտում հայտնաբերված կասկածները, ապա եզրակացրել՝

 «ՀՌԱՀ անդամները մրցութային հայտերի վերաբերյալ իրենց վերլուծություններում, գնահատելով մրցակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը եւ դրանց հիմնավորումները, հանգել են հետեւյալ եզրակացության.

 1. «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված հայտը եւ կից փաստաթղթերը հիմնավոր են եւ կարող են ապահովել ընկերության կողմից առաջարկված թվային հեռարձակման ցանցի միջոցով միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության մայրաքաղաքային սփռման հեռուստածրագրերի եթերային հեռարձակումը:

2. Չնայած «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայրենական արտադրության հաղորդումների ծավալի, սեփական արտադրության հաղորդումների ծավալի, բազմակարծությունը խթանելու կարողության, աշխատակազմի պրոֆեսիոնալ պատրաստվածության բավարար լինելուն, դրանց, ինչպես նաեւ անհրաժեշտ տեխնիկական միջոցների ապահովման համար ներկայացված ֆինանսական միջոցները չեն կարող բավարար համարվել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը հիմնավորող փաստաթղթերի զգալի մասը կեղծ են եւ անհիմն (120000 ԱՄՆ դոլար եւ 280000 Եվրո), ինչը անիրագործելի է դարձնում թվային հեռարձակման ցանցի միջոցով միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության մայրաքաղաքային սփռման հեռուստածրագրերի եթերային հեռարձակման ամբողջական իրականացման հնարավորությունը»:

Որոշման մեջ այնուհետեւ ներկայացված են վարկանիշային քվեարկության արդյունքները՝ ՀՌԱՀ-ի 8 անդամների գնահատականներն ու դրանց հանրագումարը, ըստ որի «Արմնյուզ» ՓԲԸ-ն ստացել էր 44 միավոր, իսկ «Մելտեքս» ՍՊԸ-ն՝ 2:

Ի տարբերություն սրա եւ երկուական մասնակից ունեցող մյուս 3 մրցույթների, մնացած դեպքերում, երբ տվյալ մրցույթն ունեցել է մեկ մասնակից, մրցույթում հաղթող ճանաչելու ՀՌԱՀ-ի բոլոր 21 որոշումների մեջ էլ տրված է ստանդարտ ձեւակերպում. «…ներկայացրած հայտի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները»։ Չենք կարծում, որ «…բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները» արտահայտությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի» 49-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող պատշաճ հիմնավորում եւ պատճառաբանում է: Մանավանդ, ինչպես կտեսնենք ստորեւ՝ փորձագետների հայտնաբերած փաստերում, այս մրցույթների շատ մասնակիցների հայտերում էլ կային փաստաթղթեր, որոնք նույն ձեւով կարող էին կասկածներ առաջացնել ՀՌԱՀ-ի անդամների մոտ եւ պետք է ստուգվեին: Եվ եթե հիմնավորումների մեջ այդ մասին չի ներկայացվում, նշանակում է, որ՝ կամ ՀՌԱՀ-ը հարկ չի համարել դրանք ստուգել, կամ էլ, պարզապես, հայտերը չի ուսումնասիրել նույն մանրակրկիտությամբ, ինչ՝ «Մելտեքս» ՍՊԸ-ի հայտի դեպքում:

 Եվս մի հետաքրքիր դիտարկում մրցույթներում հաղթողներ ճանաչելու որոշումների վերաբերյալ. ՀՌԱՀ-ի 8 անդամները միասին բոլոր 25 մրցույթների 29 հայտերին նշանակել են ընդհանուր առմամբ 232 գնահատական (8 անդամ x 29 հայտ), եւ 230 դեպքում դրանք միեւնույն գնահատականներն են եղել (միայն «Արմնյուզի» եւ «Մելտեքսի» դեպքում ՀՌԱՀ-ի մեկ անդամը տվել է մյուսներից տարբերվող գնահատական), ընդ որում, բոլոր հաղթող ճանաչված ընկերությունները հանձնաժողովի բոլոր անդամների կողմից ստացել են ստանդարտ՝ 6 գնահատականը (բացառությամբ «ԱԼՄ»-ին հաղթած «Երեւանի», որը ստացել 5-եր՝ հանրագումարում՝ 40, եւ, ինչպես նշեցինք, «Արմնյուզի», որը ՀՌԱՀ-ի մեկ անդամից ստացել էր 2 գնահատական): Ստացվում է, որ հանձնաժողովի անդամները միեւնույն գնահատականն են տվել ե´ւ արդեն տարիների փորձ ունեցող, տեխնիկական, կադրային, ֆինանսական խնդիրներ համարյա չունեցող հեռուստաընկերություններին, ե´ւ նորաստեղծ, մտադրություներից բացի ոչինչ չունեցողներին: Ավելին ասենք, «Երեւան» հեռուստաընկերության հայտը (ինչպես նշեցինք) արժանացել է 40 միավորի (հանձնաժողովի բոլոր անդամները այն 5 են գնահատել), իսկ մեր փորձագետների գնահատմամբ՝ այդ հայտը համարյա ամբողջությամբ պատճենած «Երեւան մեդիա հոլդինգ»-ի (թիվ 25 մրցույթ, Արագածոտնի մարզ) հայտը՝ 48 միավոր (հանձնաժողովի բոլոր անդամները այն 6 են գնահատել):