Մեսրոպ Հարությունյանն այլեւս գարեջրագիտության մագիստրոս է

Սեփական օրինակով համոզվեցի, թե որքան վնասակար է գերիշխող դիրք ունենալը: Արդեն քանի օր է՝ Մեսրոպ Հարությունյանը հաջողությամբ հանձնել է քննությունները եւ դարձել գարեջրագիտության մագիստրոս, բայց ես չարաշահելով գերիշխող դիրքս՝ միայն այժմ եմ այդ մասին պատմում փաստացի նրան նվիրված բլոգիս ընթերցողներին, զի իրադարձության միակ լուսաբանողն էի, եւ մրցակից չունեի, որից հինգ րոպե առաջ փորձեի հայտնել այդ լուրը:

Մինչդեռ գարեջրագիտության մագիստրոսները Հայաստանում խիստ սակավ են՝ մինչ այս ընդամենը երկուսն էին, ուստի սա բնավ շարքային իրադարձություն չէ:

karine-kalantaryan

Այս անգամ դիտորդ մարմինը համալրվել էր: Եվ նոյեմբերի 16-ին, երբ գարեջրագիտության բակալավր Մեսրոպ Հարությունյանը հանձնում էր հերթական քննությունը՝ ներկա էր ոչ միայն Կարինե Քալանթարյանը: Հիշեցնենք, որ նախորդ քննության ժամանակ  Մեսրոպ Հարությունյանը կարողացել էր ներազդել դիտորդ Կարինե Քալանթարյանի վրա, որը մեղմացրել էր գնահատականը խախտման վերաբերյալ: Սակայն այժմ Կարինեն պնդում էր, թե արդեն դասընթացներ է անցել, ու չի գործելու ԱՊՀ դիտորդների պես (ըստ այդմ՝ միշտ դեպի մեզ, միշտ դեպի մեզ), այլ արդեն լինելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների պես (հետեւաբար՝ մեկ դեպի մեզ, մեկ դեպի ձեզ):

Այս անգամ  ներկա էր նաեւ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Միջազգային լրագրություն» գիտա-ուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ եւ Մեսրոպ Հարությունյանը, եւ Կարինե Քալանթարյանն այս բուհի դասախոսներ են:

Պարզվեց, որ Տատյանա Հովհաննիսյանը կանխատեսելու ունակությամբ կարող է մրցել Նոստրադամուսի եւ անգամ մեծն Գալուստ Սահակյանի հետ (ներող, Տանյուշ ջան), քանի որ ի սկզբանե ասաց. «Ինձ թվում է, դուք այստեղ ավելի շուտ կդառնաք գիտությունների թեկնածու, քան համալսարանում»:

tanya_karik

Երկուսն էլ գործուն աջակցություն ունեցան, որ այդպես էլ լինի: Մեսրոպ Հարությունյանին նախապես հարցեր էին տվել, կողմնորոշելու, թե ինչ ուղղությամբ է ընթանալու քննությունը: Բայց հարցերից եւ ոչ մեկը չկար նրան տրամադրված հարցաշարում:

mesrop_harcashar

Դրանց ծանոթանալով՝ Մեսրոպը սկսեց արագ-արագ հրահանգավորել գործընկերներին՝ «Գտիր իրենց ֆեյսբուքյան էջը», «Համացանցում որոնիր անարատ գարեջրի մասին» օրենքը»… Երկու հարցի պատասխանը գտավ, ինչպես երգում էին բիթլները՝ with a little help from my friends…

Մի հարցի պատասխանը չգիտեր: Նրան թվում էր, թե չորս հարցի ճիշտ պատասխանը բավարար կլինի գարեջրագիտության ոլորտում հերթական աստիճանը հաղթահարելու համար, սակայն ստացավ պատասխան, թե մագիստրոսը պետք է հինգից հինգ հարցին էլ ճիշտ պատասխանի:

karik_tanya

Երկու դասախոսները չէին կարողանում օգնել նրան: Տատյանան անգամ մի պահ հուսահատված նետեց, թե մեր ուսանողների չափ էլ չկանք:

Միայն ես էի չարախնդում, զի չար եմ ու սիրում եմ խնդմնդալ: Ախ, ինչպես էի ես կանխավայելում, որ այս մի նյութիս վերնագիրը լինելու է «Մեսրոպ Հարությունյանը կտրվեց քննությունից»:

Ճակատագրական հարցը, որին նա չէր կարողանում պատասխանել՝ այն էր, թե որտեղ են Գարեջրի ակադեմիայում պատկերված 1842, 2012, 2015 թվերը:

Բայց ավաղ… նրան ժամանակ տվեցին այդ հարցին պատասխանելու համար, Մեսրոպը շրջեց տարածքում ու կարճ ժամանակ անց հաղթական վերադարձավ՝ երեքն էլ գտել էր:

menejer

«Շատ հպարտ ենք, որ ունենք ձեզ պես մագիստրոս»,- ազդարարեց Գարեջրի ակադեմիայի ներկայացուցիչը: Լեփ լեցուն սրահում գտնվողները նոր մագիստրոսի մասին լուրին արձագանքեցին բուռն ծափահարություններով ու զվարթ բացականչություններով: Երեւի արդեն զգացվում էր գարեջրի ազդեցությունը՝ ենթադրեմ սա որպես… սրտի…մխիթարանք:

armen-ohanyan

Սրահում ներկա էր Մեսրոպի մանկության ընկերներից մեկը՝ Աշոտը, որը փորձեց շտկել այն բացը, որ ակադեմիան այդ պահին չուներ մագիստրոսական կոչումը հավաստող դիպլոմ: Ու փորձեց նրա համար գնել փաստաթուղթը, որն իրականում ուսանողական դիպլոմ էր: Մինչդեռ այս բլոգի ուշադիր ընթերցողները գիտեն, որ այդ մի դիպլոմը Մեսրոպ Հարությունյանը ձեռք է բերել շատ վաղուց:

Ի դեպ, ինչպես մինչ այժմ Հայաստանն ուներ գարեջրագիտության միայն երկու մագիստրոս, այնպես էլ հիմա գարեջրագիտության դոկտորներն ընդամենը երկուսն են: Կդառնա՞ Մեսրոպ Հարությունյանը երրորդ դոկտորը. այս մասին, ինչպես ասում էր դասականը՝ հաջորդ դասին:

mesrop

 

Advertisements